Ահա մեր ճամբարի երրորդ օրն է։ Պսպղ աչուկներով, պայծառ հայացքներով վեց տարեկանները գնացք կազմեցին և «Արև, արև, ե՛կ, ե՛կ» երգելով գնացինք դեպի դասասենյակ։ Դասասենյակում մեզ դիմավորեց մեր սիրելի ընկեր Սեդան։ Միասին ուրախ ընդհանուր պարապմունք արեցինք, երգեցինք, պարեցինք, սովորեցինք Կոմիտասի «Փայտե ձիուկ» երգը, որից հետո մեզ միացավ ընկեր Մայրանան(ի դեպ, մեր ընկեր Մայրանայի անունը հունական ծագում ունի և գրությունն այսպիսին է) և մեզ ռուսաց լեզվով երգ սովորեցրեց։
Այնուհետեւ միացրինք Կոմիտասի երգերից և սիրուն երաժշտության ներքո նախաճաշեցինք։ Նախաճաշելուց հետո մի քիչ զրուցեցինք.
-Երեխաներ, իսկ դուք կարո՞ղ եք ասել, երբ դուք էստեղ ճամբարին էիք մասնակցում, այդ ընթացքում ի՞նչ էին անում ձեր ծնողները,-ժպիտը դեմքիս հարցնում եմ ես ու հարցական հայացքներով ինձ են նայում մեր ճամբարականները , իսկ հետո գլխով բացասական նշան են ցույց տալիս։
Ասում եմ.
-Ուզո՞ւմ եք ասեմ, թե ինչ էին անում…ձեր ծնողները պարում էին…ու էստեղ սկսվում է հարցերի տարափը.
-Ի՞մ մաման էլ էր պարում։
-Բա՞ իմը։
-Ի՞մն էլ…
Ու ես ասում եմ.
-Այո՜, բոլորիդ մայրիկ-հայրիկներն էլ պարում էին։ Մեր դպրոցում էդպես է, ծնողներն էլ են միշտ մեզ հետ , մենք մի մեծ, սիրուն ընտանիք ենք…
Պարում են ծնողները.
Այս սիրուն զրույցից հետո մեր ուրախ գնացքը շարժվեց դեպի մեծ ու լուսավոր մարզասրահ։ Մարզասրահում էլ մեզ էր սպասում սիրելի ընկեր Մադլենը։ Ընկեր Մադլենի հետ մի լավ մարզվեցինք, էստաֆետային խաղեր խաղացինք,
իսկ վերջում նստեցինք մարզասրահի փափուկ գորգերին և ընթերցեցինք« Ով աշխատի, նա՝ կուտի» ժողովրդական հեքիաթը։
-Հավիկը շատ էլ ճիշտ արեց,-ասաց Դավիթ անունով ճամբարականը,- թող օգնեին Հավիկին, ինքն էլ կթողներ, որ ուտեին։
-Այո, ճիշտ է, ճիշտ է։ Պիտի աշխատես, որ հաց ուտես,- ավելացրեց Կարոն։
ժպտացի ու շարունակեցինք հեքիաթի քննարկումը(տեսաֆիլմում ներկայացված է պատառիկ հեքիաթի քննարկումից)։
Հեքիաթի քննարկումից հետո ճամբարականները պատմեցին, թե ինչեր են արել այս երեք օրերի ընթացքում , իսկ վերջում «Արև, արև, ե՛կ, ե՛կ» երգելով , ուրախ ժպիտներով էլ իրար (կարճ ժամանակով )հրաժեշտ տվեցինք …
Ես քայլեցի ու մտքումս.
-Ջա՜ն, շուտով էլի հանդիպելու ենք…Ես էլի կտեսնեմ էս պսպղ աչուկները ու նորից քնքշաբար կսեղմեմ էս փամփլիկ, սիրուն թաթիկները…