«Ճանաչենք ժամանակակից գրողներին» նախագիծ . «Սեբաստացու օրեր»․Հանդիպում բանաստեղծ, մանկագիր Գոհար Գալստյանի հետ

Հանդիպման վայրը՝ Տիգրան Հայրապետյան գրադարան

Օրը՝ նոյեմբերի 27

Ժամը՝  12։00

Ավարտ՝ 13։00

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողներ, գրականությամբ հետաքրքրվող տարատարիք սովորողներ

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում կրթահամալիրի Տիգրան Հայրապետյանի գրադարանում կհյուրընկալենք ժամանակակից մանկագիր, բանաստեղծ Գոհար Գալստյանին:

Ընթացքը՝

Այս ընթացքում կարդում ենք Գոհար Գալստյանի «Գունդուչիկն ու հայելին» գիրքը, հեքիաթները։ Պատրաստվում ենք հարցազրույց վարել մանկագրի հետ:

(Մանկագիրն աշխատում է Գրականության և արվեստի թանգարանում: Թանգարանում հանդիպել ենք, ծանոթացել, զրուցել: Նա մեզ է նվիրել իր նոր ժողովածուն՝ «Գունդուչիկն ու հայելին»: Այս հանդիպման ընթացքում միասին կքննարկենք նաև նոր ժողովածուն):

Նախագծի նպատակը՝

  • Ծանոթանալ ժամանակակից գրականության և մեր ժամանակի գրողների հետ։
  • Գրողների հետ քննարկել ժամանակի խնդիրները, առաջարկվող լուծումները, նրանց ստեղծագործություններում արտահայտված թեմաները, ասելիքը, զգացողությունները

Խնդիրները՝

  • Հանդիպել գրողի հետ
  • Ծանոթանալ գրողի կենսագրությանը, կարողանալ տեսնել կապը ստեղծագործությունների և գրողի կենսագրության մեջ
  • Կարդալ գրողի ստեղծագործությունները, քննարկել- վերլուծել, խոսել գրողի ասելիքի մասին
  • Պատրաստել աուդիոգրքեր, տեսանյութեր, ռադիոնյութեր

Սովորողների աշխատանքները՝

Գոհար Գալստյանի հետ հանդիպմանն ընդառաջ.

Ստեղծագործությունները մեր աչքերով-«Իմ ժամանակի գրողը»/Մանկագիր Գոհար Գալստյանի ստեղծագործությունները մեր աչքերով

Արիանա Պետրոսյան-Գոհար Գալստյան «Գունդուչիկն ու հայելին»

Տիգրան Մովսիսյան-Գոհար Գալստյան«ԲՌՆՈՑԻՆԵՐ ԲԱԶՄՈՑԻՆ»

Միքայել Տերտերյան —Գոհար Գալստյան.«Մտքի հայելին»

Գոհար Գալստյանի ստեղծագործությունները կարդացեք ստորև՝

Գոհար Գալստյան

Գոհար Գալստյան

ԵՐԳՈՂ ՃՈՃԱՆԱԿԸ

              Գյուղակից դեպի չորս լճերի բացատ տանող ճանապարհի մի կողմում՝ բլրի բարձունքին մենավոր կաղնի կար։ Այն եղել ու ինչ-որ ժամանակ էլ չէր եղել այդտեղ։ Կաղնին այնքան ծեր էր, որ լինելու մասին բոլորը կարող էին հաստատել, իսկ այ չլինելու մասին կկարողանային պնդել միայն նրանք, ովքեր մոտ երեք հարյուր տարի առաջ էին ապրել և այդ կողմերում տեսել էին, թե ինչպես օրերից մի օր սև հողի սրտում աչք բացեց կանաչ ծիլը և բարալիկ մի շիվ օրեցօր վեր ձգվեց արևին…

               Այդ ժամանակ չորս լճակների տեղում էլ, ասում են՝ մի ամբողջական մեծ լիճ էր, որն ամեն հարյուր տարին մեկ՝ հորիզոնի մեկ ուղղությամբ իրենից մի պատառիկ բաշխեց առանձնացող ափերին և այդպես էլ նորից միավորվելու անհրաժեշտություն չզգաց, քանի որ շուտով իրեն ավելի լավ զգաց իր քառակողմ ամբողջության թևերին…

            Լճակների բացատը տեղացի երեխաների և հատկապես ամռանը գյուղ այցելած մանուկների ու մեծերի ամենասիրելի վայրն էր։ Ջուրն այս լճակներում շատ խորունկ չէր։ Մեկում մանր ձկնիկներ էին լողում ու առատորեն բազմանում, և այստեղ հաճախ կարելի էր տեսնել ծղոտե գլխարկների տակ գլուխները խոնարհած՝ ձկնորսական կարթերով մանուկների, որոնք ափին աճած խոշոր սնկերի պես անշարժանում էին մի պահ, երբ ձուկը մոտերքում էր, ու քիչ անց՝ հոպ, վեր էին հանում կարթից կախված ձկնիկին՝ ոգևորված իրար ձայն տալով…

              Այս ժամերին մշտապես մանկական զվարթությամբ էր լցված բացատը…

              Մյուս լճակում ոսկե ավազը հատակին փափուկ էր, իսկ արևից գոլացած ջուրն՝ այնքան հաճելի, որ փոքրերի համար հրճվանք էր ջրում խաղալը, իսկ արդեն լողալ սովորող փոքրիկների համար անվտանգ էր սուզվելը, ու հենց այստեղ էլ ձկնիկների պես լող էին տալիս նրանք՝ խայտալով արևափայլ ջրերի երեսին…

             Երրորդ լճակում աներևակայելի գեղեցիկ քարեր կային, և ջուրը համեմատաբար խորն էր ու սառնորակ։ Սա ամռան տապին մեծերի համար լողալու և զովանալու հրաշալի վայր էր։ Դե, իսկ չորրորդ լճակը կարապների տունն էր՝ ջրիմուռներով ու առափնյա ջրասուն ծաղիկներով շրջապատված, և այն միշտ նայում էր դեպի հարավ, ուր աշնան վերջերին չվում էին կարապները…

             Բայց որպեսզի գյուղակից ուղևորվողները հասնեին լճերին, կարևոր էր ճանապարհը և, իհարկե, հաստաբուն կաղնին, որի ամրաբազուկ ճյուղերից բազմահյուս ճոպաններով ու փայտե աթոռակով մի երկարուկ ճոճանակ էր կախված՝ հայտնի չէ, թե ո՛ր ժամանակներից, որի մասին բոլորն էին լսել, բայց բոլորը չէ, որ բարձրացել էին բլրի գագաթն ու այնտեղ իսկապես վայելել էին ճոճվելու հաճույքը… 

            Չմոռանանք ասել, որ ճոճանակի շուրջը մի ժամանակ այնքան շատ էր եղել խինդն ու ուրախությունը, մանուկների ու դեռատի օրիորդների բերկրանքն ու հիացմունքը լուսնի լույսի տակ կամ՝ կաղնու սաղարթի հետկեսօրյա շվաքում, որ կաղնին լցված էր այդ ձայներով…            

            Ասում էին, որ եթե լսողությունդ լարես, ամռան գիշերներին կլսես կաղնու և ճոճանակի զուգերգը, և եթե անգամ անաստղ գիշերում աչքերդ փակես՝ կտեսնես այն պարզ երկինքն աստղերով լցված, որն ունկնդիր է եղել կաղնու և ճոճանակի երգերին…

          Քամին՝ այդ բոլոր ժամանակների ամենահասը, այստեղ էլ միակ վկան էր եղել։ Նա, իհարկե, շատ բան կարող էր պատմել ճոճանակի և կաղնու զրնգուն օրերից, բայց նրա մեջ այդպես էլ ժամանակների հետ չէր հաղթահարվել նախանձը, որն ունեցել էր կաղնու հանդեպ… Չէ՞ որ նա կաղնու հետ խաղում էր դեռ մինչև ճոճանակի հայտնվելը, և հանկարծ՝ իր բացակայությամբ մի օր ինչ-որ տեղից հայտնվել էր ճոճանակը…

             Դե, ասե՛ք՝ ի՞նչ պիտի զգար քամին։ Այո՛, նա չարացել էր, այնինչ՝ իհարկե, կարող էր հենց ինքն էլ խնդալ և ընկերանալ ճոճանակի հետ, որն այնքա՜ն գեղեցիկ ծաղիկներով էր զարդարված այդ օրերին, և նրանք կարող էին երեքով միասին ուրախանալ…

            Ճիշտն ասած, քամու մեղմության օրերին լավ էլ ստացվել էր այդպես, բայց նա մի օր չզսպեց իր չարությունն ու՝ նախ ճոճանակի թևերի ծաղիկները պոկոտեց, ապա՝ երդվեց վրեժխնդիր լինել երկուսին էլ…

              Եվ երբ քամին տեսնում էր, որ թեթև զովի տակ հնչող կաղնու երգը ճոճանակի թևերին վեր էր բարձրանում երջանկության երազանքով, ամեն անգամ կատաղում էր, պտտեցնում էր ճոճանակն ուժգին թափով, ջանում էր հարվածել կաղնու բնին, պոկել պարանները՝ որքան որ ուժ ուներ, որոնք՝ պետք է ասել, որ ամուր էին հյուսված ու թեև որոշ հատվածներում մի քիչ թելատվել էին, հենց դրա՛նք էլ քամու տատանումների տակ սկսեցին ավելի դյութիչ ելևէջներով երգել և հմայել այդ կողմերում պատահող անցորդներին…

                 Գյուղակի այդ օրվա հյուրը քաղաքից եկած հովեկների ընտանիքն էր։ Նրանք ուղևորվում էին լճակների կողմը և շրջանցել էին բլուրն ու արդեն հեռանում էին կաղնուց, բայց փոքրիկ աղջիկը մեքենայի լուսամուտից հանկարծ նկատեց հեռվում օրորվող ճոճանակը։

              — Տե՛ս, տես, հայրի՜կ՝ ինչ սիրուն է,- կանչեց աղջիկն ու խնդրեց մեքենան կանգնեցնել։

             Իրենից մեծ եղբոր և ուղեկցող գյուղաբնակ տղայի հետ նա դուրս եկավ մեքենայից և արդեն հստակ լսեց ճոճանակի անհավանական, զմայլելի երգը։

              — Հայրիիի՜կ, ինչ անուշ է երգում…

               Երեխաների ծնողներն էլ արդեն մեքենայից դուրս էին եկել և տարակուսած նայում էին բլրի ուղղությամբ, բայց կարծես ոչինչ չէին հասկանում։ Տեղացի տղան, սակայն, չէր զարմացել աղջնակի վրա, և նրա եղբորն ու ծնողներին պատմեց կաղնու ու ճոճանակի պատմությունը։

             — Գիտե՞ք, թե այսօր որքան քիչ մարդիկ են նկատում այդ ճոճանակը… Իսկ ավելի քչերն էլ ունակ են լսել կաղնու և ճոճանակի երգը,- ամփոփեց նա։

              Հայրիկն ու մայրիկն, իհարկե, շատ հետաքրքրվեցին այդ անհավանական պատմությամբ և՝ տեսնելով արդեն իրենց դստրիկի աչքերի փայլը, նրանց համոզելու անհրաժեշտություն չեղավ, որ որոշեն ու բարձրանան ուղիղ այնտեղ…

               Վերելքի տապից մի քիչ հալածված, բայց բլրալանջի եզակի ծաղկունքը վայելելով, ճոճանակի ու արդեն՝ կաղնու երգը ականջներում, նրանք որոշ ժամանակ անց հայտնվեցին զովասուն հսկայի սաղարթի ներքո, տեսան հնամենի ծառը՝ հսկա բունն ու հաստաբազուկ ճյուղից կապված ճոճանակը…

              Երգում ու ժպտում էր ճոճանակը, երբ աղջիկն իր հավաքած դաշտային ծաղիկները հյուսեց նրա հյուծված թևերին, բայց նախ՝ հայրիկը ստուգեց ու համոզվեց, որ ապահով են ճոճանակի թևերը և մի քիչ խունացած աթոռակի փայտի վրա իր թաշկինակը փռելուց հետո՝ աղջկան գրկեց ու նստեցրեց ճոճանակին…

              — Ի՜նչ գեղեցիկ տեսարան է,- բարձունքից շուրջը նայելով նկատեց մայրիկը, իսկ տեղացի տղան ցույց տվեց անտառակների արանքից հեռվում ցոլցլացող լճակներով բացատը, ուր իրենք որոշ ժամանակ անց պիտի ուղևորվեին՝ լողալու և ձուկ բռնելու…

                 Իսկ մինչ այդ՝ կաղնին իր զովասուն ճյուղերով երախտագիտություն էր ծփում նրանց գլխավերևում, և մարգագետնի կանաչ խոտերը փափուկ ծածկոցի պես փռվել էին նրանց ոտքերի տակ՝ դադար առնելու և թեք ընկած հանգիստ վայելելու հրավերով…

               Երկու տղաների օգնությամբ ճոճանակը թափ էր առնում ու թևում էր փոքրիկ աղջկա ծաղիկներից ու երազներից հյուսված նոր գույներով, իսկ քամին զարմանքից կարկամել էր…

             Ասում են՝ նա հենց այդ օրը հասկացավ իր վաղուց ի վեր չհասկացածը. ախր իրե՛ն էլ հաճելի էր երեխաների ուրախությունն ու ծիծաղը, ախր կաղնին ու ճոճանակը հենց դրա մասին էին միշտ երգում… Եվ արդեն պարզ էր, որ այդ պահից քամին ևս ընկերացել էր նրանց հետ, իսկ ճոճանակի ու կաղնու երգը այսուհետ քամու բարեհաճ թևերին ավելի հեռուներն էր հասնելու՝ այնպես, որ փոքրիկ աղջիկն իրենց տանը՝ հեռու քաղաքում ևս ժամանակ առ ժամանակ լսելու էր այդ երգը… Եվ արդեն կասկածից վեր էր, որ աղջիկը երբեք էլ չէր մոռանալու ու նաև տարիներ հետո՝ տեղաբնակ տղայի հետ միասին բարձրանալու էր բլրի կատարը՝ ամեն անգամ թևավորվելով  նրա հետ երգող ճոճանակի թևերին…

ՁՄԵՌ ՊԱՊԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ

— Իմ անունը Զո՛ւկ է, Զո՛ւկ,

Գլխարկըս՝ վառ, գոտիս՝ մուգ,

— Մուկը փիղ է, կետը՝ ձուկ .

— Ես էլ՝ հսկա մի թզուկ…

— Իմ անունն էլ Զի՛թ է, Զի՛թ,

Գլխարկիս տակ մեծ մի քիթ,

— Մանր աչքեր, հոնքեր խիտ.

— Նվեր ունենք ամենքիդ…

— Իմ անունը Թի՛զ է, Թի՛զ

Ես թիզուկես, բայց՝ թիթիզ.

— Քո բաճկոնը շան մազից

Կարկատել ենք թի՛զ առ թի՛զ…

— Իմ անունը Զի՛պ է, Զի՛պ,

Թզուկ հո չեմ՝ տի՛պ եմ, տի՛պ.

— Չիպսերի մեջ դո՛ւ չե՞ս միշտ

Կծու պղպեղ ցանում… — Ճիիիի՜շտ…

— Իմ անունը Զո՛ւպ է, Զո՛ւպ,

Ոնց որ կաթսան ունի խուփ՝

Ես էլ տո՛ւփ եմ պատրաստում.

Նվերներին հարմար տուփ…

— Իմ անունը Ջո՛ւզ է, Ջո՛ւզ,

Մեջքիս բե՛ռ է, ո՛չ թե կուզ,

Ես ակտիվ եմ բոլորից.

— Օգնի՛ր, բարձենք՝ վերևից…

— Եթե ես էլ ձեզ նման

Գործս թողած բլբլամ՝

Իմ անունն էլ կիմանան.

— Զա՛կն է, հիշե՛ք անպայման…

— Մենք Նոր տարվա հեքիաթի

Օգնականներն ենք Պապի,

Մեր տնակում լուսավոր,

Եկե՛ք՝ տոնենք Ամանոր…                     

ԿԵՆԳՈՒՐՈՒ ԳՈՒՐՈՒՆ

1.        

Շոգին ցամաքած

Լանգուրու գետի

հովտից քիչ հեռու,

Ուր շիկակարմիր

բլրակների մեջ

աղբյուրներ կային

գաղտնի խորքերում,

Ուր գիշերային

աստղի թաքնված

ցոլանքն էր ցոլում

և ճանապարհ էր

բացում գաղտնիքին,

Կենգուրուների ցեղից

մի արու,

Մի իմաստուն ու

փորձված կենգուրու՝

Ապրում էր

անհաս ժամանակներից։

Սա իր երկրային

ցեղակիցների

բախտն ու խնդիրքը

վճռում էր մենակ,

Երբ վեճ կար

ներսից՝

խանգարող

ցեղի բնակիչներին,

Կամ՝

երբ որ դրսից

սպառնում էր վտանգ։

Իր պոչին հենված

Կենգուրու Գուրուն

Չափուկշիռ էր անում

լուսնի տակ

ինչ որ պատահի,

Եվ իր երկարող

ստվերի ուղղությամբ

գնում էր այնքան՝

Մինչև ետ բերեր

Լանգուրու

գետի հովտից հեռացող

իր ստվերը նորից,

Ու իր հին ցեղի

հաջողությունը

բերեր նոր ուղի…

2.

Այս գիշերային

կենդանիների

քունը ցերեկով՝

Նրանց դարձրել էր

փորձած որսացու

և դյուրին ավար՝

Թափառաշրջիկ

շների համար,

Որ ոհմակներով 

հայտնվում էին

վխտում դեսուդեն,

Եվ փախցնելով

հոշոտում էին

կենգուրուներին՝

Բռնած մեկ առ մեկ։

Ու թեև ցեղը

կենգուրուների

Այստեղ էր

անհաս ժամանակներից՝

Երբ որ

Տասմանյան վագրի

ժանիքն էր 

հզոր մոլեգնում —

Այն, որ էլ չկա`

Արդեն

վերացած տեսակ

աշխարհում,

Այնինչ՝ իրենք կա՛ն

բյուր հազար-հազար՝

սփռված այդպես,

Բայց վայրենացած

շների ռեխից

էլ պրծում չունեն…

3.

Մի օր բոթն եկավ

շեկ բլրի վերև.

— Մեզ էլ ճար չկա.

Շատ կենգուրուներ

գերի են ընկել

վայրի շներին,

Եվ մի նոր ոհմակ՝

գործակից արած

նաև անգղերին՝

Վաղ առավոտյան

հարձակվելու է՝

կոտորելու մեզ.-

Ու կենգուրուի

կոկորդը խզվեց։

Կենգուրու Գուրուն

լսեց բանբերին,

Պոչին հենվելով

մտքերը կշռեց,

Տեսավ նրա հետ

եկած բոլորի

սարսափն աչքերի,

Կատվի պես փնչաց

ու մի հայացքով

բոլորի վախը

երբ հաղթահարեց՝

Շրջվեց ու ասաց.

— Ձեզնից մկանուտ

երեքին թողեք,

Իսկ մնացածդ

գնացեք հովիտ,

Գիշերը հերթով քնեք՝

խաղաղվեք,

Որ առավոտյան

բոլորդ արթուն լինեք

մեկի պես։

Երբ լուսադեմին

վայրի շների

ոհմակն երևա՝

Դուք ծանծաղ գետի

հունով կշարվեք,

Ո՛չ կվախենաք,

Ո՛չ էլ կշարժվեք.

Մնացածը ես գիտեմ՝

ինչ կանեմ…

4.

Ինչպես ասել էր

Գուրու կենգուրուն՝

Երեք մկանուտ

կենգուրուների

իր հետ տանելով՝

քարայրը մտավ,

Նրանց ուղեկցեց

դեպի խորախոր

ճեղքերին կապված

ակունքը գաղտնի,

Որի վրայից

խափանող սալը

շարժելով՝ պիտի

Վաղ առավոտյան

հեղեղի նման

արձակեր հզոր

ոգին ջրերի,

Ու ծանծաղացած

գետի հորդացող

ջրի թակարդում

Խեղդեր շների

ցեղ ու ոհմակին…

5.

Առավոտ կանուխ՝

Թաթերի ռիթմիկ

հարվածի ձայնից

ենգուրուների,

երբ հողը դողաց՝

Վայրի շները

փոշու ամպի տակ

երբ երևացին

հովտի ներքևում՝

Կենգուրուները

Լանգուրու գետի

հունը չափչփած՝

Ամբողջ երկայնքով

պարիսպ կազմեցին…

Շները հեռվից

կաղկանձում էին

ոգևորությամբ,

Թե՝ մի տե՜ս,

անջուր Լանգուրուն

շուտով

արյամբ կհեղենք…

Բայց մեր

Կենգուրու Գուրուն

գիտեր թե՝

որքան համբերեր,

Եվ հենց ճիշտ պահին

բլրի գագաթից

հեղեղը ժայթքեց…

6.

Ջրում զորացած

թաթերով հիմա

Ամեն կենգուրու

խեղդում էր հանգիստ

տասը վայրի շուն,

Եվ ոգևորված՝

հաղթած ու արդեն

վարար գետի մեջ՝

Ցնծում էր ուժգին

կենգուրուների

ցեղը հաղթական…

Վայրի շները

իրենց դասն առան.

Հիմա հենց նրանց

լեշերը հասան

իրենց գործակից

վայրի անգղերին,

Իսկ ջարդուկոտոր

կաղկանձով փախած

մի քանի փրկված

քոսոտ վայրի շուն՝

Կենգուրուների

համբավը տարան

ահով պատմելու…

7.

Լանգուրուն արդեն

վարար հոսում էր,

զնգում էր կայտառ,

Չկար ոչ մի տեղ

արյունոտ ժանիք

կամ մաղձոտ երախ.

Եվ ալիքվում էր խինդը,

արևի ցոլքերում դեղին…

— Կեցցե այն ցեղը,

որ միաբան է

ու հավատում է

իր իմաստունին,

Իսկ նա՝ միշտ գիտի,

թե ինչպե՛ս գործել —

արագ ու տեղի՛ն…

                                 20/29.05.2021

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

ԾՂՐԻԴՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

              Ճռաթևիկը տեղավորվել էր մանկական խաղահրապարակի թփերում։ Առաջին տարին էր, որ, ծնողների վստահությունը շահելով, ընտանիքից անջատ, մենահամերգ էր տալիս ամռան գիշերներին։ Երեկոյից երեկո Ճռաթևիկը երգում էր, սկզբում՝ կարճ ու անհամարձակ, ծղրիդի համառոտ մի երգ…

              Առաջին օրերին նա նույնիսկ երգն ընդհատելով հաճախ շուրջն էր նայում, և երբ համոզվում էր, որ իր երգն իսկապես ներդաշնակվում է ջերմ երեկոյի տրամադրության հետ, ավելի էր քաջալերվում։

               Երեկոյից երեկո Ճռաթևիկը վարպետանում էր իր երգի մեջ։ Նրա երգն արդեն ավելի բարեհունչ էր, թևերն ավելի վարժ, իսկ ձայնը գնալով նորանոր նրբերանգներ էր ստանում։

              Բոլորովին պատահական՝ Ճռաթևիկը մի օր նկատեց, որ իր երգը սկսելուն պես դիմացի տան լուսամուտի մեջ մի սիրունիկ գլուխ հայտնվեց, և այդ գլուխը նայում էր ուղիղ իր կողմը։ Ճռաթևիկը չէր կարող սխալվել, բայց, միևնույն է, համոզվել էր պետք՝ արդյո՞ք պատճառը հենց իր երգն էր։

             Ստուգելու համար, նա երգը մի պահ ընդհատեց։ Սիրունիկ գլուխն իր ոսկեմազ գանգուրներով հակվեց առաջ և զարմացած աջուձախ նայեց։ Ճռաթևիկը նորից սկսեց երգել ու տեսավ, թե ո՜նց ուրախացավ փոքրիկ աղջիկը և մնաց պատուհանի առջև իր երգը լսելու…

             Ի՛նչ խոսք, սա ոգևորեց Ճռաթևիկին, և նա այսուհետ դարձավ ավելի վստահ և է՛լ ավելի գեղեցիկ երգեց։ Ճիշտ է՝ Ոսմեկամզիկն այնքան էլ երկար չէր մնում պատուհանի շրջանակում, բայց Ճռաթևիկը համոզված էր, որ հաջորդ երեկո ինքը դարձյալ կտեսնի նրան, և դա նրան ոգևորում էր։

          Միանգամից պարզ չէր՝ Ճռաթևիկի ոգևորությունը ունկնդիր ունենալու հաճույքի՞ց էր, թե՞ նա պարզապես ուրախ էր աղջկա գոյության և հատկապես նրա ժպիտի համար, որն անտեսանելի կապերով կապվել էր իր հետ։ Իսկ գուցե երկուսը միասին էր. չէ՞ որ դրանք լրացնում էին մեկը մյուսին։

              Շրջապատի համար Ճռաթևիկը գնալով նույնանում էր իր երգի հետ, բայց չգիտեր անգամ, որ, իր մշտական ունկնդրից բացի, իրեն ամեն երեկո հաճույքով են սպասում նաև մոտիկ տներում ու շենքերում ապրող մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր դեռ չեն գիտակցել, թե սիրում են այդ երգը, բայց ակամա ներքին մի խաղաղություն են զգում՝ հենց որ ծղրիդը երգում է։

               Իսկ Ոսկեմազիկին, ամեն անգամ, երբ լուսամուտի առջևից ներս էր տանում մայրիկը, և քիչ հետո լուսամուտի ետևում սենյակի լույսը մարում էր՝ Ճռաթևիկը կարոտում էր, ու նրա, արդեն քաղցրաթով, կարոտի երգն ավելի գրավիչ էր դառնում՝ հյուսվելով ջերմ գիշերվա մեջ մարդկանց այցելող անուշ երազներին։

                Ցերեկները մեր երգիչը թռչում-բարձրանում էր հնամենի կաղնու ճյուղերին, որի խոշոր տերևների ստվերում, ժամանակների սկզբից ի վեր, հաստատված էր իր մեծ ընտանիքը։

             — Այս կաղնին մեր ծղրիդ պապի, պապի, պապի կաղնին է, մեր բնօրրանը,- այդպես էր նրան առաջին անգամ ներկայացրել Ճուռ հայրիկը, և հետո Ճռաթևիկը հաճախ էր լսել այդ մասին հայրիկի ու մայրիկի ճռճռոցներում ու միշտ էլ հպարտությամբ էր վերաբերվել այդ խոսքերին։

               Այդ հիմա էր, որ Ճռաթևիկի համար մանկական խաղահրապարակի թփուտն ավելի ու ավելի հարազատ էր դառնում, իսկ կաղնին՝ ավելի ու ավելի ձանձրալի։

               Փոքրության օրերին՝ ամեն անգամ աջուձախ ցատկոտելուց, օդը չափչփելուց հետո, երբ Ճռաթևիկը հայրիկի հետ վերադարձել էր այգու խորքում բարձր աճած կաղնու ճյուղերին, որտեղ առատ էր սնունդը և լույսը՝ մեղմ, նա իրեն ավելի ուրախ ու ապահով էր զգացել։

               Այն օրը, երբ նա առաջին անգամ իր ոսկեմազ հանդիսատեսին տեսել ու նրա գոյությամբ ոգևորվել էր, լուսամուտից նրա մայրիկի մոտենալը մի քիչ վախեցրել էր Ճռաթևիկին, և նա իսկույն ձայնը կտրել էր։ Բայց հետո Ճռաթևիկը հասկացել էր, որ իր ծնողների պես՝ դա էլ երևի Ոսկեմազիկի մայրիկն է, իսկ լուսամուտն էլ, անշուշտ, այն քարե կաղնին է, որտեղ նրանց պապի, պապի, պապի բնակավայրն է եղել, ու հիմա էլ՝ նրանց տունը։ Չէ՞ որ իր ծնողներն էլ ապրում են այն ծեր կաղնու ճյուղերին, որտեղ օրորել են իրեն, հիմա էլ օրորում են արդեն իր փոքրիկ, նորածին քույրիկին ու եղբորը՝ Ճռանեին ու Ճուռիկին։

             «Իսկ արդյո՞ք ցերեկներն ապահով կլինի իր թաքստոցում՝ եթե ինքը մնա խաղահրապարակի թփերում»… Այս մտքերով էր տարվել Ճռաթևիկը, երբ այդ գիշեր իսկույն էլ քնով անցավ։ Առաջին անգամն էր, որ նա գիշերային համերգի ավարտին չէր վերադարձել կաղնու ճյուղերին, և, կասկածից դուրս էր, որ Ճռաթևիկի ծնողները հիմա անհանգստացած էին ու չէին կարող քուն մտնել՝ քանի դեռ իրենց որդին չէր վերադարձել…

             Մանկական խաղահրապարակում լույսը վաղուց էր բացվել, իսկ մեր Ճռաթևիկը դեռ փոքրիկ թփերում ննջում էր։ Արթնացավ մի տարօրինակ ձայնից, որ ճռճռոցի էր նման, բայց իր ճռռոց-երգը չէր։ Միանգամից չհասկացավ՝ որտեղ է։ Կարծեց, թե ինքը կաղնու ճյուղերում է, հայացքով փնտրեց ծնողներին։

               Համառ ճռճռոցը, որ սղոցում էր Ճռաթևիկի ականջները, արդեն կանոնավոր կրկնվում էր։ Ճռաթևիկը վեր ցատկեց՝ տեսնելու, թե ո՞վ է այդքան անհաջող երգում։     Իսկ գուցե իրե՞ն են կրկնօրինակում՝ ծաղրելու պես։ Եվ հենց այդ պահին էր, որ Ճռաթևիկը տեսավ Ոսկեմազիկին՝ խաղահրապարակի երկաթե ճոճանակի վրա աջուձախ ճոճվելիս։

                «Ա՜յ քեզ բան…»,- զարմացավ Ճռաթևիկը։ «Սա փաստորեն հենց իմ ոսկեմազիկ ունկնդիրն է։ Ցերեկները փորձում է կրկնել իմ երգը, բայց այսքա՜ն անհաջո՞ղ».- մտածեց նա ու մի տեսակ ընկճվեց։

              Իսկ աղջնակը անհոգ ճոճվում էր երկաթե ճոճանակին և ճոճքի հաճույքից ժպտում էր՝ ճիշտ այնպես, ինչպես Ճռաթևիկի երգը լսելիս։ Ճոճանակի մետաղե ճաղերի անդուր ճռճռոցը նրա համար խլացել էր քաղաքի ցերեկային աղմկոտ անցուդարձի մեջ, իսկ Ճռաթևիկի համար այն գնալով անտանելի էր դառնում։

               Քիչ հետո, երբ խաղահրապարակում հայտնվեց Ոսկեմազիկի մայրիկը, նա այնպե՜ս երջանիկ էր, որ չդադարեց ճոճվել ու մայրիկն էլ նրան ուրախությամբ ժպտաց…

               Ճռաթևիկն արդեն գլուխը կորցրել էր։ Այդ պահին մայրիկն ավելի էր մոտեցել ճոճանակին և նոր թափ էր հաղորդում Ոսկեմազիկի ճոճքին։

                «Ախր ո՜նց կարելի է այդպես անհաջող երգել, հետն էլ՝ ուրախանալ։ Թե ե՜րբ պիտի աղջիկն իր սղոցող ձայնը կտրի»։- Ճռաթևիկի վիրավորանքը միանգամից կրկնակի հիասթափություն էր, ինչպես որ կրկնակի էր եղել հիացմունքը։ Նա այլևս չէր կարող լավ ունկնդիր համարել մեկին, ով այդքան անճաշակ ճռճռում էր, և հիմա ոչինչ էլ չարժեր նրա կողմից իր երգի հանդեպ հիացմունքը, որը նույն ժպիտն էր՝ այս անգամ էլ հիմար ճռռոցի հանդեպ։

                Երբ բոլորովին անտանելի էր դարձել ճոճանակի ճռճռոցը, Ճռաթևիկն արդեն որոշում էր կայացրել։ Նա, օրը ցերեկով՝ հենց պայծառ արևի շողերի տակ, անտեսելով բոլոր վտանգները, արհամարհելով բոլոր ճնճղուկներին, որոնք ցանկացած պահի կարող էին իրեն կտցել, դուրս էր եկել թփերի իր թաքստոցից ու ցատկոտելով գնում էր դեպի կաղնին։

               — Որդի՜ս, ինչ ուրախ ենք, որ ողջ ես,- կաղնու բնի ներքևում նրան դիմավորել էին մայրիկն ու Ճուռ հայրիկը։

               Ճռաթևիկը հոգնած ժպիտով նայել էր կաղնու թփերին և ասել էր, որ ինքն էլ ուրախ է տուն վերադառնալու համար։ Վերևում հրաժարվել էր մայրիկի առաջարկած թարմ տերևները ճաշակելուց։ Մի քիչ ամաչել էր, որ օրը ցերեկով անհանգստություն է պատճառել ծնողներին և, արդեն քուն մտած իր քույր-եղբայր ծղրիդների կողքին, պառկել էր քնելու…

              Երբ անքնությունից թուլացած մայրիկն ու հայրիկն էլ արդեն ննջել էին, Ճռաթևիկը դեռ արթուն էր։ Չէ՞ որ նա արդեն մի քիչ քնել էր խաղահրապարակի թփերում, իսկ հիմա մտածելու այնքան բան ուներ, որ քունը փախել էր։

             Իհարկե, խաղահրապարակի թփերում մշտապես ապրելու իր գաղափարը հիմա նա ձախողած էր համարում, թեև պատահական ստացվեց այդ օրվա իր այնտեղ մնալը։ «Չէ՜…»,- մտածեց Ճռաթևիկը,- «այստեղ ապահովության պակասի խնդիրը չէ»։ Նա հասկանում էր, որ մի ուրիշ անուն ունի իր մտափոխվելու պատճառը և չէր ուզում խոստովանել հիասթափության մասին։ Երկար մտածեց այդպես՝ մտքում համեմատելով իր երգն ու ճոճանակի ճռճռոցը, որն, իր կարծիքով, իր երգի վատ կրկնօրինակումն էր՝ Ոսկեմազիկի կողմից։ Հիշեց խաղահրապարակի ցերեկային անցուդարձն ու զգաց, որ այն իր համար օտարից էլ օտար է, անգամ իր թփուտը, որն այնքա՜ն փոխվել էր ցերեկով։

              Երբ վերջապես աչքը կպավ՝ արդեն ուշ երեկո էր։

              Երազում տեսավ Ոսկեմազիկին։ Տեսավ նրա ժպիտը, հետո սպասումը լուսամուտի շրջանակում՝ իրեն փնտրող հայացքով։ Ա՜խ, ի՛նչ լավիկն էր Ոսկեմազիկը։ Տեսավ՝ իբր ինքը փորձում է երգել, բայց ճռռացնում է ճոճանակի ձողերից էլ ավելի անդուր ճռռոցով, և աղջիկն, ականջները բռնած, հեռանում է մայրիկի հետ լուսամուտի առջևից…

                Ճռաթևիկը լաց եղավ երազում և արթնացավ միայն թեթև հպումից իր մայրիկի։ Նա անհանգստացած մոտեցել էր՝ տեսնելու, թե ինչո՞ւ մի ամբողջ երեկո ու արդեն նաև ողջ գիշեր, այդքա՜ն երկար քնեց իր որդին։ Մի՞թե նա միտք էլ չունի՝ գնա երգելու։

                Ճռաթևիկը դժվար անցկացրեց ցերեկը։

               Այդքան երկար քնելուց հետո, նա ձևացրեց, թե ընտանիքի հետ շարունակելու է արդեն ցերեկը ննջել։ Մի երկու պատառ տերև կծմծեց հանուն մայրիկի և մտքում որոշածն իրագործելու վճռականությամբ՝ հենց ցերեկով, երբ ընտանիքը քուն էր մտել, ճամփա ընկավ դեպի մանկական խաղահրապարակ։

                 Ճանապարհի վտանգները խիզախորեն շրջանցելով, վարպետորեն քողարկվելով ճամփեզրի մանր խոտերի ու խատուտիկի ստվերում՝ նա հազիվ հաղթահարեց մանկական ավազուտի անապատը, ուր քիչ մնաց կաչաղակի բաժին դառնար։

                Եվ երբ, ի վերջո, հասավ իր թփուտին՝ տեսավ, որ ինչ-որ մեկը՝ բարալիկ մի ծղրիդ, ննջում է հենց իր թաքստոցի տերևներում։

                Ճռաթևիկն իրեն հազիվ զսպեց, որ չարթնացնի նրան, բայց երբ բարկությունը հաղթահարեց՝ տեսավ, թե որքան լա՜վն է թավշամազիկ այդ գեղեցկուհին, ու հասկացավ, որ նա իրեն իսկի էլ չի խանգարում։

              Այդպես՝ տարված իր ցեղակից գեղեցկուհու հմայքներով, Ճռաթևիկը չնկատեց, թե ո՛նց խաղահրապարակի մետաղե ճոճանակին մոտեցավ մի տղա և աթոռակի վրա նստելով՝ սկսեց ճոճվել։

                Հենց առաջին ճռռոցից, պարզ է՝ Ճռաթևիկը վեր թռավ։ Նայեց ճոճանակի կողմը՝ վստահ, որ տեսնելու է Ոսկեմազիկին, բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմնքը, որ ճոճվողը նա չէր։

             «Ա՜յ քեզ բան…»,- մտքով անցավ.- «Հիմա էլ սա՞ է փորձում ինձ ծաղրել»։ Բայց հենց նույն պահին տղան ձանձրացավ ճոճվելուց և ցատկեց ներքև։

                Դատարկ ճոճանակն իր ընթացքի մեջ դեռ մի երկու անգամ էլ ետուառաջ արեց ճռռոցով… Եվ հենց այդտեղ էր, որ մեր Ճռաթևիկը կռահեց մի նոր բան, որն իր հետ կատարվածի իրական պատճառն էր։

             «Ուրեմն, սա ընդամենը անշունչ ձողերի ձայնն է, ուրեմն ո՛չ մեկն էլ ինձ չի ծաղրել»…

               Ա՜խ, որքան ուրախ էր Ճռաթևիկն այդ պահին։

               Մի կողմից հույսը, որ Ոսկեմազիկն իրեն սպասել է, ինչպես որ տեսել էր երազում, մյուս կողմից զմայլանքը՝ իրեն դեռ անծանոթ ծղրիդ գեղեցկուհու հանդեպ, Ճռաթևիկին այնքան ոգևորեցին, որ նա, դեռ երեկոն չեկած՝ սկսեց երգել։

                Անծանոթուհին երգի հնչյուններից արթնացել՝ զարմանքով նայում էր Ճռաթևիկին, և կասկածից վեր էր, որ հմայվել էր նրա անուշ երգով։

                Երբ մեղմ երեկոն իջել էր աշխարհի ու մանկական հրապարակի թփերի վրա, Ճռաթևիկն ու Ճուռինեն, այդպես էր մեր նոր գեղեցկուհու անունը, արդեն լավ ընկերներ էին դարձել։ Ճուռինեն՝ հմայված, աչքերն էր ճպճպացրել, երբ Ճռաթևիկը պատմել էր երկու անգամ օրը ցերեկով խաղահրապարակից մինչև հնամենի կաղնին ընկած տարածությունը մեն-մենակ կտրել-անցենլու իր քաջագործության մասին։

                 Ճիշտ է, նա մի քիչ խանդով էր լսել Ոսկեմազիկի պատմությունը, բայց կռահել էր Ճռաթևիկի անհանգստության բուն պատճառը։ Ախր ի՛նքն էլ գիտեր, թե ի՜նչ հաճույք է, երբ զգում ես, որ լա՛վ ես երգում և ունկնդրի հայացքի մեջ համոզվում ես, որ իրո՛ք այդպես է… Իսկ ծաղրանքը, օ՜, դա կարող է սպանել ուզածդ երգչին։ Չէ՞ որ նա ինքն էլ հրաշալի երգչուհի էր, որի մասին Ճռաթևիկը դեռ նոր պիտի իմանար…

              Այդ երեկո, երբ շոգն արդեն մեղմացել էր թեթև քամու զովությամբ, թփերին նայող լուսամուտի շրջանակում լույսը նորից վառվեց ու երևաց Ոսկեմազիկը։ Նրա սպասումն այնքա՜ն ակնհայտ էր այդ պահին, որ Ճռաթևիկը միանգամից սկսեց երգել։

               Ճուռինեն՝ նախ ինքն էր հիացած Ճռաթևիկի երգով և բոլորովին էլ չնեղվեց, երբ տեսավ Ոսկեմազիկի ուրախությունը։ Այնքա՜ն բնական էր հիացմունքի ամենաբարձր պահին զուգերգի մեջ մտնել Ճռաթևիկի հետ, որ մեր գեղեցկուհի ծղրիդը ի՛նքն էլ չհասկացավ, թե երբ սկսեց երգել։ Ա՜խ, ինչ հաճույք է, երբ երկու իսկական երգիչ ձայնակցում են իրար՝ միշտ հավելելով մեկը մյուսի ձայնի թովչանքը, իրենց երգի ելևէջներով կատարելապես լրացնելով մեկը մյունին…

                 Ճռաթևիկը հիմա այնքա՜ն երջանիկ էր ու այնպես էր տարվել իր ընկերուհու գեղեցիկ երգեցողությամբ, որ չէր էլ նկատում, թե իրենց նոր երգի հանդեպ որքա՜ն էր մեծացել Ոսկեմազիկի հետաքրքրությունը։ Ճուռինեն իր հերթին երջանիկ էր, որ բախտն իրենց այդպես լայն ժպիտով էր ժպտում՝ հիմա արդեն հասկանալով, որ լուսամուտի մեջ մայրիկի ու արդեն նաև հայրիկի հետ զմայլանքով իրենց ունկնդրող Ոսկեմազիկի երջանիկ ժպիտը հե՛նց այն քաջալերող հրաշքն է, որով կյանքի հիասքանչ լինելը իրենց երկուսի համար էլ հաստատվում էր այդ երեկո։

                Դե, իհարկե, Ոսկեմազիկի ժպիտն այդ ամառ դեռ երկար ուղեկցեց նորահայտ զույգին։ Ճռաթևիկն իր հարսնացուին շուտով տարավ մեծ կաղնու մոտ, բնական է՝ գիշերվա ամենաապահով ժամին, և նա շատ դուր եկավ Ճռաթևիկի հայրիկին ու մայրիկին։

              — Ես հպարտ եմ քեզանով, տղա՛ս,- այդպես ողջունեց Ճուռ հայրիկը, երբ աշնան կեսերին Ճռաթևիկը հայտնեց մեծ կաղնու վրա ձմեռելու իրենց մտադրության մասին։

               Ճռաթևիկի մայրիկը ևս շատ երջանիկ էր, քանի որ իր Ճռանեն ու Ճուռիկը վաղուց մեծացել էին, և ժամանակն էր եկել իր՝ տատիկ դառնալու…

              Իսկ երգեցիկ նորապսակները՝ արդեն կաղնու կեղևի տակ, ձմռան օրերին, նոր երգերի ծրագիր էին պատրաստում՝ հաջորդ ամռանը աշխարհով մեկ համերգային շրջագայություն կատարելու հաստատ մտադրությամբ…

19-20.09.2019

Գոհար Գալստյան

ՉԻԿԻ ԱՐԱԳԱՎԱԶԸ ԵՎ ԽԱՓԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

              Թիկն ու Թակը անբաժան եղբայրներ էին։ Թիկը եղբորից մեծ էր ու կարճահասակ, Թակը երկար էր ու ձիգ։ Նրանք ապրում էին ժամացույցի երեսին՝ կենտրոնում միավորված։ Այո՛, նրանք ժամացույցի երկու սլաքներն էին, բայց նրանցից բացի ժամացույցի վրա էր ապրում նաև Չիկի արագավազը։ Նա մի քիչ ավելի երկար էր Թակից, շատուշատ բարակ քան Թիկը, և անվերջորեն շտապում էր։

              Ողջույնի և հրաժեշտների արանքում Չիկի արագավազի շարժը միշտ տեսանելի էր, իսկ ահա Թակի ու մանավանդ Թիկի շարժը՝ ոչ այնքան։ Նրանք հեռանում ու հավաքվում էին, գալիս ու գնում, այնինչ տեղաշարժի շրջագիծը չէր փոխվում, չէր փոխվում թվատախտակը, և անգամ թվերն էին միշտ ու անշարժ իրենց տեղերում։

               Օրվա մեջ առնվազն քսանչորս անգամ Թիկը, Թակը և Չիկի արագավազը իրար գլխի էին գալիս, թվում էր՝ հիմա-հիմա իրար մեջ մի բան կորոշեն և կփոխեն ինչ-որ կարևոր բան, բայց ամեն անգամ նրանք ընդամենը ողջունում էին իրարու և այն է՝ պիտի խոսեին, Չիկի արագավազը մի ակնթարթ էր միայն հապաղում և գլխապատառ շարունակելով իր անվերջական ուղին արագորեն հեռանում էր եղբայրներից։ Իսկ երբ նա հեռանում էր, պատահում էր, որ եղբայրները մի քիչ նեղսրտում էին նրա պահվածքից, երբեմն թկթկում էին իրար մեջ, թե՝ «ա՜յ քեզ շնորհք, դարձյալ առաջ անցավ», և այսպես շարունակ։

             Թիկի և Թակի վրդովմունքը մեկն էր՝ չէ՞ որ իրենք են կարևորը, ժամը որոշվում է իրենց միջոցով։ Ո՜վ է, ի վերջո, այդ Չիկի արագավազը… Այնինչ, Չիկին չէր մտածել, չէր էլ հասցնի մտածել նման բան, ասենք՝ Թիկի կամ նրա եղբայր Թակի մասին. արդյոք ո՞վ է կարևորը, կամ՝ ի՞նչ դեր ունի նրանցից ամեն մեկն առանձին։

             Ու երբ մի անգամ Չիկի արագավազը մոտենում էր ժամատախհակի 1-ի և 2-ի արանքում իրար գլուխ-գլխի եկած եղբայրներին, հստակ լսեց նրանց քամահրանքը։

             — Ահա՜, գալիս է։ Այնքան կարևոր տեսք է ընդունել՝ ասես ինքն է ժամի սլաքը և ոչ թե ես,- թկկացրեց Թիկը։

             — Չե՞ս կարծում, որ մտքիս դնեմ՝ ես էլ կարող եմ այդ Չիկիի նման արագ շարժվել, և րոպեները կանցնեն՝ ինչպես վայրկյաններ,- շարունակեց Թակը։

             Չիկի արագավազը հատում էր արդեն 1-ի և 2-ի սահմանագիծը, երբ եղբայրներն իրենց ուժգին լարելով ժամացույցի մեջ խափանեցին ինչ-որ բան։ Նրանց զայրույթից՝ շիկացած առանցքը խախտվել էր, իսկ ժամացույցը՝ տարակուսած, կանգնել էր ժամանակի մեջ ու  արդեն ետ էր մնում հիմնավորապես…

              Թիկի, Թակի և հատկապես Չիկի արագավազի լռությունն անսովոր էր։ Ժամագործն իր անելիքը գիտեր, բայց դրա համար ժամանակ էր պետք, և հարկավոր էր, որ ինչ-որ մեկը դիմի նրան և մոտը տանի խափանված ժամացույցը, ինչը ճի՛շտ և ճի՛շտ այդպես էլ եղավ։

             Ժամագործը, որ փորձված վարպետ էր, անմիջապես գլխի ընկավ խափանման պատճառը։ Նա նախ բացեց մեխանիզմը, առանցքից հեռացրեց Թակին, Չիկի արագավազին, առանցքը կարգավորեց, մեխանիզմը լարեց ու նայեց ժամացույցին։ Թիկը կարկամած միայնակ կանգնած էր տեղում, քիչ անց նա պրկումից կարմրեց։ Ժամագործը ժպտաց, տեսավ, որ ըմբոստ ժամսլաքը հասկացել է իր սխալը։ Ուրիշ հարց, որ եթե ժամագործը շատ համբերատար լիներ՝ մեկ ժամ հետո կտեսներ նրա անցումը մի թվից մյուսին, բայց, միևնույն է, ժամացույցը չէր գրանցի րոպեները, որոնք՝ վայրկյանները հաշվելով, առաջ էր բերում Չիկի արագավազը։

              Ժամագործն արդեն կռահել էր նաև Չիկի արագավազի վիրավորանքը։ Երբ նա նորից էր բացել մեխանիզմը և առանցքից հանել էր Թիկին, Թակը մե՛ն-մենակ հայտնվել էր ժամատախտակի վրա։ Նա ևս եղբորից ոչ պակաս տարակուսեց, երբ, չիմանալով որտեղից սկսի՝ առանց Չիկի արագավազի օգնության, այնուամենայնիվ հանդարտ մի  մենապտույտ կատարեց ու հասկացավ, որ ինքը՝ թեև րոպեները հաշվում է, բայց դարձյալ ժամը ցույց տալ անկարող է առանց Թիկի, և անսկիզբ է՝ առանց Չիկի արագավազի։

               Ժամագործի երրորդ փորձի հերոսը Չիկի արագավազն էր։ Երբ նա առանցքից հանել էր Թակին և ձեռքը մեկն էր իրեն՝ Չիկի արագավազի սիրտը զարկում էր վայրկյանից էլ արագ։ Նա մի պահ վստահ էր, որ ինքը կհաղթահարի փորձությունն ու մենմենակ կազդարարի ժամը. չէ՞ որ տեղյակ է ամեն մի վայրկյանից, աչքի առաջ են անցնում րոպեներն ու ժամերը։

               Եվ ահա, երբ ժամագործը նորից լարեց մեխանիզմը, Չիկին սրընթաց ճամփա ընկավ՝ պտույտ պտույտի ետևից անցավ ժամատախտակով, շրջան գծեց՝ հաշվելով վայրկյանները։ Դարձյալ կես ակնթարթ, և նրան թվում էր արդեն, որ բանսարկու եղբայրների դավադրությունը թակարդ է դարձել հենց նրա՛նց համար, որ ահա, եկել է իր աստեղային վայրկյանը, ոչ՝ վայրկյաննե՜րը, որոնք մեկը մյուսի ետևից հոսում ու անցնում են անհաշիվ… Եվ ահա այստե՛ղ էր, որ Չիկի արագավազի սիրտը հանկարծ տագնապեց. իսկ անիմաստ չէ՞ իր վազքը՝ այդպես էլ ժամանակը չազդարարող։ Չիկի արագավազը՝ թեև, ինչպես միշտ, սովորություն չուներ մտածելու՝ չէր հասցնում պարզապես, այս անգամ իր արագաչափ սրտով զգաց, որ իր գոյությունն անիմաստ է առանց եղբայր սլաքների։

               Ժամագործը, որ շատ բան էր տեսել կյանքում և գիտեր, թե ինչ է ժամանակը, տեսել էր ու գիտեր, թե ինչպես են կյանքում ժամերը հաճախ կռիվ տալիս րոպեների հետ և թե՝ ի՛նչ է վայրկյանը նրանից կառչած մեկի համար, տեսավ ու հասկացավ իր ձեռքում պահած ժամացույցի խափանման բուն պատճառը։

Հիմա արդեն երեք սլաքներն էլ փորձվել էին, մեխանիզմի առանցքը կարգավորված էր, մնում էր վերջնականապես գործարկել ժամացույցը՝ երեք սլաքները միաժամանակ տեղադրելուց հետո, ինչն էլ խաղաղությամբ արեց ժամագործը։

                Թիկն ու Թակն այս անգամ համարյա ողջագուրվեցին Չիկի արագավազի հետ՝ երբ նա անհանգիստ սրտով գալիս էր ընդառաջ։ Ու թեև նրանք միշտ էլ վարժ գիտեին իրենց անելիքը, հիմա երեքն էլ հասկացել էին նաև այդ անելիքի իմաստը, ավելին՝ նրանք նույնիսկ մեկը մյուսի գոյության խորհուրդն ու կարևորությունն էին հասկացել, փորձով էին ճանաչել իրենց սեփական կարողության սահմաններն ու միասին լինելու անհրաժեշտությունը։

                Ժամացույցը պատրաստ էր. այն կրկին իր տեղն էր գրավելու նույն տան նախասենյակի պատին, որտեղ ինչ-որ պատճառով մի օր խափանվել էր ժամանակը։ Ժամագործը խորհրդավոր ժպիտով նորոգված ժամացույցը հանձնել էր տիրոջը, իսկ դրա անհոգ տերը՝ մտքով իսկ չանցկացնելով, որ նորոգվել է գուցե իր կյանքի ու երջանկության ժամանակը՝ անտեղյակ օրվա անցուդարձից, աշխատանքի համար վճարել և գոհունակ ժպիտով շտապում էր տուն…

                                                                                                                                     

Գոհար Գալստյան

ՄՐՄՈՒՌԻԿԻ ՀԵՔԻԱԹԸ

            Մրմուռիկը սպասված հյուր չէր ո՛չ մեկի համար, և որքան էլ որ հազվադեպ այցելեր մարդկանց, միևնույն է՝ նրանք դժգոհում էին:

            Երեխաները նրան արցունքներով էին դիմավորում, իսկ Մրմուռիկը գալիս էր նրանց աչքերի միջով, ասենք՝ լոգանքի ժամանակ, երբ օճառի փրփուրը հոսում-լցվում էր աչքերի մեջ, կամ՝ երբ տատիկը ճաշ եփելիս սոխ էր մաքրում ու մոռանում էր խոհանոցի դուռը ծածկել…

          Մրմուռիկը գալիս էր նաև երեխաների քիմքի միջով ու հայտնվում էր լեզվի վրա, երբ՝ չիմանալով կամ հետաքրքրված, նրանք փորձում էին կծու որևէ ուտեստ, կամ՝ առանց մայրիկին լսելու, շտապում էին համտեսել որևէ տաք կերակուր…

           Բայց ամենից վտանգավորն այն դեպքերն էին, երբ անզգուշության պատճառով, մեկը՝ դանակի շեղբով, մյուսը՝ մատիտ սրելու համար ձեռքն առած սայրով կամ ինչ-որ սուր գործիքով, վնասում էր ինքն իրեն… Այսպիսի դեպքերում Մրմուռիկը գալիս էր արյան միջով, իսկ, ավելի ճիշտ՝ գալիս էր վերքից դուրս հոսող արյան հետ:

            Այդպես նա գալիս էր մեկ էլ այն ժամանակ, երբ պատահաբար կամ չարություն անելիս փոքրերն ընկնում ու վնասում էին իրենց ծնկներն ու արմունկները… Մրմուռը երբեմն անտանելի էր լինում, և ինքը՝ Մրմուռիկն էլ վատ էր զգում ու լաց էր լինում փոքրիկների հետ՝ երբ նրանք էին լալիս…

           — Վե՛րջ, ես չեմ ուզում ոչ մեկի արցունքների պատճառը լինե.- Մի օր լացակումած ոտքը խփեց գետնին ու խոսեց  Մրմուռիկը.- Ես էլ ո՛չ մեկի մոտ չեմ գնալու…

            Եվ նույն պահին էլ լսեց լացը հաղթահարած փոքրիկների ծանոթ ձայները.

           — Իսկ ես ինչպե՞ս իմանայի, որ օճառի փրփուրը վնաս է աչքերիս, եթե դու չգայիր, Մրմուռի՛կ…

            — Կամ՝ ես, ինչի՞ց իմանայի, որ տատիկի պատրաստած բլիթների համը կապ չունի կարմիր պղպեղի մռու համի հետ…

           — Ես էլ կարող էի, չէ՞, լեզուս, և անգամ կոկորդս վառել տաք թեյով՝ եթե դու չգայիր, ու շրթունքս չդաղեիր, Մրմուռի՛կ…

           Եվ բոլորը միասին մխիթարելով, կարծես շնորհակալություն էին հայտնում Մրմուռիկին, որ իրենց մեկ անգամ զգացածն արդեն ունեն իբրև գիտելիք, քանի որ հե՛նց նրան էին պարտական յուրատեսակ այդ փորձառության համար …

           Իսկ Մրմուռիկը, որ, ճիշտ է՝ արդեն դադարել էր լաց լինել, իր հոգու խորքում մի տեսակ մրմուռ զգաց ու անմիջապես էլ հաղթահարեց…

           Չէ՞ որ ինքն էլ էր հասկանում, թե որքան իրավացի էին երեխաները, մանավանդ որ՝ ինքը երբե՛ք չարությունից ու դիտավորյալ չէր այցելել նրանց և միշտ էլ կիսել էր ներքուստ այն, ինչը նրանք էին զգացել…

Հեղինակը գրադարանին կնվիրի իր գրքերից։

Հանդիպումը կամփոփենք տեսանյութի, ֆոտոպատումի տեսքով:

Արդյունքը՝

Запись опубликована в рубрике «Ճանաչենք ժամանակակից գրողներին», Մ. Սեբաստացու օրեր նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий